Ստեղծագործում են փոքրիկ ճեմարանականները

Կրտսեր դպրոցում ամփոփվեցին մոտ 1 ամիս առաջ հայտարարված շարադրության մրցույթի արդյունքները: Շարադրության խորագիրն էր՝  «Իմ տուն Հայաստան», որը նվիրվեց մեր քսանվեցամյա անկախ հայրենիքին: Այն անցկացվեց 4-րդ դասարանի սաների միջև: Հարկ է նշել, որ ստեղծագործական աշխատանքները լի են հայրենասիրական մղումներով, վեհ և լուսավոր գաղափարներով: Յուրաքանչյուրն ունի իր ուրույն ոճը:

 

Մեր սիրելի սաները գործի դրեցին իրենց ողջ մտավոր ներուժը, որպեսզի, օգտագործելով ընձեռնված հնարավորությունը, ևս մեկ անգամ իրենց սերն ու նվիրվածությունը արտահայտեն մեր չքնաղ երկրի հանդեպ:

 

Շնորհակալություն բոլոր մասնակիցներին իրենց հետաքրքիր մտքերը ընթերցողի դատին հանձնելու համար:

 

Լավագույնն են ճանաչվել հետևյալ սաների աշխատանքները.
Ելենա Մխիթարյան՝ 445 խումբ
Կարինե Խաչատրյան՝ 445 խումբ
Տիգրան Եղոյան ՝ 442 խումբ
Արսեն Եղոյան՝ 442 խումբ

 

Եվ ինչպես խոստացել էինք, լավագույն շարադրությունները տպագրվել են`


Իմ տուն Հայաստան
Հայաստանը դարերի պատմություն ունեցող մի գեղեցիկ, հմայիչ, չնվաճված և կանգուն երկիր է: Այն համարվում է վարդագույն երկիր, քանի որ մեր երկրի կառույցները հիմնականում վարդագույն տուֆից են: Հայաստանն ունի չքնաղ բնություն և բազմաթիվ վայրեր: Ես սիրում եմ շրջագայել իմ երկրում, լինել տարբեր քաղաքներում ու թանգարաններում, ուսումնասիրել երկրիս բազմաթիվ հուշարձանների պատմությունը՝ այդ կերպ ճանաչելով իմ ազգի պատմությունը: Հայաստան աշխարհն իր պատմության ընթացքում շատ քաջարի հերոսներ ու չեմպիոններ է ծնել:
Այս հյուրընկալ ու ջերմ երկիրն իմ և ողջ հայության տունն է: Ես շատ եմ սիրում իմ տունը՝ Հայաստանը:

Տիգրան Եղոյան 442 խումբ


Իմ տուն Հայաստան

Հայաստանն աշխարհի ամենահին երկրներից մեկն է:Ես եղել եմ Հայաստանի տարբեր տեսարժան վայրերում, սակայն ուզում եմ շարունակել հետազոտել դրանք: Կուզենայի, որ Հայաստանը դառնար այնքան հզոր, որքան Տիգրան Մեծի ժամանակ էր: Կուզենայի նաև, որ աղքատ և մուրացիկ մարդիկ չլինեին: Երազում եմ, որ հաստատուն խաղաղություն լինի Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի միջև: Կցանկանայի, որ կրթությունը Հայաստանում լիներ այնքան բարձր կարգի, որ ուրիշ երկրներից մարդիկ գային այստեղ սովորելու:
Ես երազում եմ ապրել իմ պատկերացրած Հայաստանում:

Արսեն Սարգսյան 442 խումբ


ԻՄ ՏՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆ

Ես շատ եմ սիրում իմ հայրենիքը, իմ Հայաստանը, իմ տունը, իմ նախահայրերին:
Ես ծնվել եմ Երևանում՝ Հայաստանի մայրաքաղաքում: Իմ լեզուն հայերենն է ու առաջին բառերս հենց այդ լեզվով են հնչել: Երբ ծնողներիս հետ այլ երկիր եմ մեկնում, կարոտով եմ լցվում դեպի Հայաստանը՝ իմ քարոտ երկիրը, իմ փոքր երկիրը: Հայաստանը աշխարհի ամենափոքր երկրների շարքին է դասվում, բայց ինձ համար ամենամեծն է, ամենագեղեցիկը: Ոչ մի երկիր չունի այդքան գեղեցիկ բնություն, անուշահամ ջուր, համեղ ուտեստներ: Ես սիրում եմ իմ Հայաստանը, իմ Երևանը, Ամիրյան 27 փողոցը՝ իր 10-րդ բնակարանով:

Կարինե Խաչատրյան 445 խումբ


ԻՄ ՏՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆ

Ի՞նչ ենք հասկանում տուն ասելով: Դա այն վայրն է որտեղ ծնվել ենք ու մեծացել, որտեղ ծնվել ու մեծացել են մեր ծնողները: Այսինքն տունը դա հայրենիքն է:
Մեր տունը`մեր հայրենիքը, Հայաստանն է: Գեղեցիկ է Հայաստանը, վեհ ու չքնաղ: Շատ հին է մեր երկիրը: ՈՒնի երկար ու հետաքրքիր պատմություն: Շատ դժվարությունների միջով է անցել, սակայն միշտ կանգուն է մնացել: Ու դեռ գնալով ավելի ու ավելի է ծաղկել ու գեղեցկացել: Ո՞վ կարող է անտարբեր անցնել կապուտակ Սևանի, Գառնու տաճարի, Դիլիջանի, Ստեփանավանի գեղեցիկ բնության կողքով: Անհնար է թվարկել Հայաստանի բոլոր տեսարժան վայրերը: Իսկ ամենագեղեցիկը մեր քաղաքամայր Երևանն է՝ Հայաստանի սիրտը: Ես շատ հպարտ եմ, որ հայ եմ, որ իմ տունը Հայաստանն է: Եվ ինչպես Սևակն էր ասում. «Կա՛նք, պիտի լինե՛նք ու դեռ շատանա՛նք»:

Ելենա Մխիթարյան 445 խումբ


Ստեղծագործում են փոքրիկ ճեմարանականները

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *