Կարատե

ԿԱՐԱՏԵԻ ՄԵՐ ՃԱՆԱՊԱՐՀԸ

Իմ խորին պատկերացմամբ այս սպորտաձևը մարդկային էություն և անհատականություն է կերտում:

Համոզված եմ, որ այն օգնում է մարդուն լիարժեք ճանաչելու ինքն իրեն, տեսնելու իր ֆիզիկական ու մտավոր բոլոր հնարավորությունները և զգալու իր կամային ողջ ներուժը:

Կարատեն հատկապես կարևոր դեր կարող է խաղալ անչափահաս տարիքային շրջանում երեխայի մեջ դաստիարակելու պատասխանատվություն, ինքնուրույնություն, կազմակերպվածություն, կարգապահություն և իր ֆիզիկական ուժը երբեք բացասաբար չգործադրելու պարտավորվածություն:

Կարատեն որքան սպորտ, նույնքան խորիմաստ փիլիսոփայություն կարելի է համարել, որով առաջնորդվում են մարդկային բարոյականության բարձր արժեքների և հոգեկան ներդաշնակության հասնելու համար:

Կարծում եմ, որ այս սպորտաձևում հաջողությունների հասած մարդկանց որակական չափանիշը ոչ թե մրցումներում շահած պարգևներն են, այլ այն, թե որքանով է նրանց հաջողվում վերահսկել և ճիշտ ուղղորդել սեփական մտքերն ու գործողությունները` իրենց կարևորագույն հարցերի և խնդիրների լուծումները գտնելու, իսկ ֆիզիկական պատրաստվածությունը միայն իրենց ուղղված ագրեսիան կանխելու և պաշտպանվելու համար:

«Շիրակացու ճեմարան» ՓԲԸ-ի տնօրենների

խորհրդի նախագահ Ա.Հ.Ալիխանյան

* * *

Սպորտը հասարակական երևույթ է, որի գլխավոր հատկանիշը մրցակցությունն է, ֆիզիկական նոր որակների բացահայտումը: Սակայն, երբ խոսքը վերաբերում է արևելյան մարտարվեստներին,  մենք առնչվում ենք այնպիսի ուսմունքների և տեսությունների հետ, որոնք ողջ էությամբ դեմ են քրիստոնեական վարդապետությանը:

Կարատեում ակնհայտորեն տարբերվում է հոգևորի հանդեպ ունեցած պահանջների մեծ կշիռը ֆիզիկականի նկատմամբ, որը, ըստ էության, պաշտամունքային է, այնինչ պաշտամունքը վայել է միայն Աստծուն: Ես անձամբ ներկա եմ եղել, երբ կարատեի պարապմունքների ընթացքում մարզիկները երկրպագում էին դահլիճին, դահլիճի ոճի հիմնադրին և տարբեր ոգիների: Իսկ Ավետարանում ասված է. «7. Ինծմէ զատ ուրիշ աստուածներ չունենա´ս: 9. Անոնց երկրպագություն չընե´ս ու զանոնք չպաշտե´ս…»: Բ. ՕՐԻՆԱՑ (Ելից 20:1-17)

Մենք պարտավոր ենք գիտակցել, թե այս մոլորությունը ինչ հետևանքներ կարող է ծնել: Մանուկները պարարտ հողի նման են. ինչ որ սերմանես, դրա պտուղներն էլ քաղելու ես վաղը: Այս մարզաձևում պետք է խրախուսել բարոյական և ֆիզիկական այն կողմերը, որոնք չեն խարխլի քրիստոնեական հենքը մարզիկների գիտակցության մեջ: Հետևաբար, պետք է լինել բավականին զգույշ, մեծ նշանակություն տալ այն փաստին, թե ով է մարզիչը, ինչ գաղափարների և հավատքի կրող է: Այս դեպքում չափազանց կարևոր է մարզչի անձը. արդյո՞ք նա լիարժեք քրիստոնյա է: Ես համարում եմ, որ կարատեն մեր հասարակության մեջ այնքանով է թույլատրելի և անվտանգ, որքանով քրիստոնեական և ազգային նկարագիր ունեն կարատեի մարզիչ-մանկավարժները:

Հիշենք, որ հատկապես վաղ տարիքում մարզիկները ընդօրինակում են իրենց ուսուցչի յուրաքանչյուր քայլը, և այդ քայլերն են տանում դեպի ապագան:

 

Տ. Կյուրեղ քհն. Տալյան

* * *

Ի՞նչ է դաստիարակում կարատեն. նախ` կարգապահություն, ներքին կարգապահություն, ինքնավերահսկողություն, որոշումների վայրկյանական ընդունում: Այս ամենը կարատեում հոգևորի սկզբնական աստիճաններն են: Ճապոնական ավանդույթի համաձայն` ոգու կարգապահությունը Բուդդիզմն է, իսկ Հայաստանում` Առաքելական եկեղեցին:

Յուրաքանչյուր էթնոսի ներկայացուցիչ պետք է արմատավորի իր հոգևորը, անկախ նրանից` կարատեով է նա զբաղվում, թե այլ մարզաձևով: Քանի որ հիշատակվեց Առաքելական եկեղեցին, հարց է առաջանում. ինչպե՞ս են գոյակցում քրիստոնեությունը և կարատեն, եթե վերջինիս արմատները տանում են դեպի Բուդդիզմ:

Ոչ հոգևոր ասպեկտով, այլ որպես բարոյականության կոդեքս` կարատեում կարելի է նկատել կարգապահության, ազնվության, հավատարմության, խիզախության և նմանատիպ հատկանիշներ, որոնք չեն վտանգի մեր ինքնությունը: Ինչպես Բուդդիզբում են ասում. «մի´ վիրավորիր, մի´ սպանիր», այնպես էլ Քրիստոնեության մեջ ենք տեսնում նույն պատվիրանները, չնայած` հասկանալի է, որ նրանց ներքին պատասխանատվության արժեքները տարբեր են: Այնուամենայնիվ, այն կարելի է ընդունել ազգային ընկալումներով, և կարատեի հոգևորը` «դու»-ի փիլիսոփայությունը, չդարձնել մեր կյանքի ուղին:

Իսկ ինչպե՞ս կարող ենք վերաբերվել մենք` քրիստոնյաներս, կարատեի նմանատիպ օտարածին ուսմունքներին:

Եթե թերթենք մեր պատմության էջերը, կտեսնենք, որ Հայաստանում միշտ եղել են մարտիկ-վանականներ, մարտիկ-պաշտպաններ: Նրանք իրագործում էին սխրանքներ` Քրիստոսի անունը շուրթերին, և ստանում եկեղեցու օրհնանքը: Մեզ հայտնի  տարբեր ճակատամարտերի ժամանակ, որոնք եղել են վասն հավատքի և վասն հայրենյաց, զինվորների շարքերում միշտ եղել են հոգևորականներ:

Կարատեի վարպետը նախ և առաջ պետք է լինի հայրենիքի զինվոր և պաշտպան: Կարատեն ունի խոր փիլիսոփայություն: Այն արմատներով կապված է Բուդդիզմի, ձեն-բուդդիզմի, դաոսիզմի, սինտոիզմի, կոնֆուցիակնության և յոգայի հետ: Սրանք չափազանց բարդ փիլիսսոփայություններ են հայ մարդու ընկալումների և մտածողության համար: Դա մատչելի չէ մեր էթնիկ մտածողությանը, և  երևի թե՝ անթույլատրելի: Ուստի, կարծում եմ՝ անհրաժեշտ է զբաղվել հոգևոր ինքնակատարելագործմամաբ, սակայն, հենվել մեր ազգային արժեքների վրա: Եվ´ Մաշտոցը, և´ Նարեկացին, և´ Կոմիտասը, և´ մեր մնացած բոլոր մեծերն ու քաջարի հերոսները մեր պատմությունն են ու մեր մշակույթը, մեր ճանապարհը, բարոյականության մեր հիմքը, որի վրա կանգնած է Հայաստանը:

Մարդկանց բնությունը, անկախ մշակույթից, նույնն է: Ուստի, ամենևին էլ պետք չէ օտար ավանդույթներ և հոգևոր արժեքներ կրող դառնալ  սպորտային բարձր արդյունքներ ունենալու համար: Ինչու՞ նույն  Չինաստանը և Ճապոնիան կարողանում են պահել և պահպանել իրենց ավանդույթները, իսկ մենք  հաճախ ուշացած ենք հիշում մեր արմատների մասին:

Հետևաբար, մենք իրավունք չունենք լինել մարմնով թույլ  և հոգով տկար, քանի որ մեր ճանապարհը քարոտ է և դժվարանցանելի:

 

ՖԿՀՊի Ըմբշամարտի ամբիոնի  կարատեի

 ավագ դասախոս Ա. Ս. Ղարախանյան

28-min